Այս հրապարակման վերտառությունում վկայակոչված հայկական ժողովրդական ասացվածքով եմ ուզում սկսել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի (այսուհետև` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ) հրատարակած աշխատանքների, գիտահանրամատչելի ֆիլմի և ընդհանրապես բազմաբնույթ գործունեության մասին պարբերական մամուլում («Ազգ» օրաթերթ, 09. 02. 2013 թ.,«Իրատես de facto», 2013 թ., 28, 30, 31 համարներ) հաճախակի դարձած մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանի շարունակական քննադատող-վարկաբեկող հրապարակումների պատասխանը: Հրապարակումներ, որ պարբերաբար ուղեկցվում են նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին ուղղված անհարկի, հաճախ նաև վիրավորական արտահայտություններով։
Անկեղծ ասած, այս հոդվածը կարող էր և չգրվել, սակայն այվազյանական «քննադատություններին» չպատասխանելը դրանց հեղինակի (կարծում եմ, նաև նրա որոշ գործընկերների) մեջ անսխալականության, ամենագիտության, ամենաթողության և մեծամտության գլխապտույտ առաջ կբերեր, իսկ ապատեղեկացված ընթերցողն էլ ակամա կարող էր մտածել, թե «անգետների, գրագողերի ու դատարկամիտների դավադիր խումբ է բույն դրել» «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատասենյակներում: Հանգամանք, որ պարտադրում էր սթափ ու կոնկրետ պատասխան: Սա է հրապարակման հիմնական պատճառը, և ոչ թե Ա. Այվազյանի հոդվածներին անպայման հոդվածով հակադարձելու «անսահման ցանկությունը»:
Իր կազմակերպության հաջողություններով ուրախացող ու անհաջողությունների համար մտահոգ յուրաքանչյուր աշխատակից արժանի է ամենայն հարգանքի ու գնահատման: Նման նվիրյալների շնորհիվ է առաջ տարվում թիմային աշխատանքը: Ակամա այդպիսի աշխատակցի վիրտուալ կերպար է ստեղծվում նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աղբյուրագիտության և խմբագրման բաժնի վարիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Ա. Այվազյանի հրապարակումներին ծանոթանալիս: Գործին քիչ ծանոթ մարդուն կթվա, որ նրանցում ներկայացված են կազմակերպության բազմաբնույթ գործունեությամբ խորապես մտահոգված, վրիպակների ու սխալների հանդեպ չհանդուրժող կեցվածք ունեցող մարդու անկեղծ դիտողություններն ու առաջարկները: Արդարության դեմ չմեղանչելու համար, սկզբից ևեթ պետք է նշեմ, որ հրապարակումների որոշ հատվածներում, իրոք, նշմարվում են առաջարկներ, որոնք ընդունելի են և արժանի ուշադրության, սակայն շարադրանքի հեգնող ոճը, հավակնոտ տոնը, հայոց լեզվի (և ընդհանրապես մի խումբ գիտաճյուղերի` հնագիտության, պատմության, ճարտարապետության, կրոնի պատմության, լեզվաբանության, ուղղագրության, կինոարվեստի, դիզայնի և այլնի) «անվիճելի գիտակ» ներկայանալու ապարդյուն ձգտումները, պատմագիտական ակներև սխալները և վատ քողարկված չարախոսության գրավոր առկայծումները թույլ են տալիս կասկածել հեղինակի «միայն անկեղծ» մտադրություններին: Հանգամանք, որ պարտադրում է համարժեք ու ոճական նույն շեշտադրումներով պատասխան (թեև, պարտադրված նման հեգնող ու խայթող գրելաձևն իրականում շատ խորթ է և՛ սկզբունքներիս, և՛ աշխատաոճիս, առավել ևս` մասնագիտական պատրաստվածությանս): Հաշվի առնելով նաև այն, որ ավելի բանիմաց ու դիպուկ երևալու պատրանքով Ա. Այվազյանը սիրում է իր գրավոր խոսք-մեղադրանքը տեղին-անտեղի համեմել տարբեր ասույթներով, պարտավորված եմ զգում պատասխանը հակադարձելու նույն կերպ:
Նախ Քարաշամբի մասին: Շուրջ կես դար պեղվող այս հուշարձանի նյութերը ժամանակի ընթացքում տեղ են գտել Հայաստանի պատմության, Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանների, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի զետեղարաններում և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ժամանակավոր պահոցում: 2010 թ. հոկտեմբերին ՊՈԱԿ-ի ղեկավարությունը որոշեց կազմակերպության զետեղարանում և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում գտնվող քարաշամբյան ընտրովի նյութերից ցուցահանդես կազմակերպել «Մեծամոր» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում և հրատարակել նաև կատալոգ (ի դեպ, Ա. Այվազյանն այդ ժամանակ ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալն էր և այդ աշխատանքների համակարգումը, գոնե անվանապես, մտնում էր նրա անմիջական պարտականությունների մեջ): Այս բնույթի ցուցադրություններին նվիրված կատալոգների հրատարակման փաստերը բազմաթիվ են և՛ հայաստանյան, և՛ արտերկրի թանգարանների գործունեության ոլորտում: Ըստ որում, կազմակերպիչներն ու կատալոգների հրատարակիչները հաշվի առնելով այն հանգամանքը, որ կատալոգները վաճառվելու են ժամանակավոր ցուցահանդեսների փակումից հետո էլ, իսկ մեծ պահանջարկի դեպքում` նաև վերատպվելու են, հաճախ խուսափում են դրանց հրատարակման տարեթիվն ու տիրաժը նշելուց, ինչն ընդունված ձև է ամբողջ աշխարհում: Այդպիսին են «Էրեբունի» թանգարանի, Տուրիզմի հայկական ինստիտուտի, Բելառուսի «Տուրիզմի ազգային գործակալության», «Aquincumi Mozeum»-ի (Հունգարիա), «Museo del Grande Fiumi»-ի (Իտալիա), «Umbria, terra D՚Etruria» թանգարանի (Իտալիա), «Sa Corona Arrubia»-ի (Սարդինիա), «The Nuraghe Major»-ի (Կորսիկա, Ֆրանսիա), «ԿՍՐՖՋպվ ԼրՑՏՐՌփպրՍՌ Վցջպռ կպՐվՌՍ»-ի (Բուլղարիա), «Kazanlik tumb-museum»-ի (Բուլղարիա) (կարելի է բերել մի քանի տասնյակ այլ օրինակներ) կատալոգները, պատկերաշարերը, ուղեցույցները, ամսագրերը և այլն: Այս բնույթի հրատարակություններում ոչ միշտ են նշվում նաև գրադարանային ցուցիչները, ISBN-ի համարը, տպագրական կամ հրատարակչական մամուլների ծավալը և դասական հրատարակություններին պարտադիր այլ մանրամասներ: Այս առումով, պետք է նշել, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում պահվող նյութերը վաղուց գրանցված են գլխավոր գույքամատյանում և ունեն անհրաժեշտ համարակալում, իսկ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ժամանակավոր պահոցում գտնվող և վերականգնման ենթակա քարաշամբյան գտածոները, բնականաբար, առայժմ նման մշակում չեն անցել: Այդ պատճառով էլ որոշվեց կատալոգում ներառված նյութերի տակ պահպանել միայն դամբարանների համարակալումը և չնշել հավաքածուների համարները, քանի որ, այդ պարագայում, որոշ իրեր զրկված էին լինելու դրանցից: Միևնույն ժամանակ համաձայնություն ձեռք բերվեց ինստիտուտի տնօրեն Պ. Ավետիսյանի հետ, որ ժամանակավոր ցուցադրության ավարտից հետո և՛ «Մեծամոր» պատմամշակութային արգելոց-թանգարանում ներկայացված, և՛ ինստիտուտի պահոցում գտնվող (չցուցադրված) քարաշամբյան բոլոր նյութերը հանձնվելու են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին (ի դեպ, 2011 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դրանք համապատասխան ակտերով արդեն հանձնված են և ընդհանուր թվով 578 առարկաներից բաղկացած նոր հավաքածու են կազմում): Բացված ժամանակավոր ցուցահանդեսը (նաև քարաշամբյան նյութերի հատընտիրի կատալոգը) կարճ ժամանակում արժանացավ մասնագետների ու այցելուների ջերմ ընդունելությանն ու բարձր գնահատականին:
Ա. Այվազյանին զարմանալի, շփոթմունք առաջացնող ու ավելորդ են թվում նաև կատալոգում արված «եռաստիճան թվագրումները» (ընդգծումը մերն է- Ա. Փ.): Իրականում նման «շփոթմունք» կարող է դրսևորվել միայն խնդրին անտեղյակ մարդու մեջ: Բանն այն է, որ արդեն ուսանողական նստարանից սովորեցնում են, որ պատմական և հնագիտական ժամանակները նույնական չեն: Օրինակ. եթե պատմության համար V դարը նույնն է բոլոր տարածաշրջաններում (և՛ Հայկական լեռնաշխարհում, և՛ Լատինական Ամերիկայում, և՛ Աֆրիկայում), ապա բրոնզի և երկաթի դարերը` տարբեր տարածաշրջաններում կարող են ոչնույնական թվագրում ունենալ (այսպես, օրինակ, Հայկական լեռնաշխարհում երկաթի դարը սկսվում է մ.թ.ա. XIII-XII, իսկ Միջին Ասիայում` մ.թ.ա. VI-V դարերից): Այդ պատճառով էլ մասնագիտական գրականության մեջ հաճախ են դիմում «պարբերաշրջան» և «շրջափուլ» եզրերի կիրառությանը, դրանով իսկ փորձելով տարանջատել հնագիտական ժամանակը պատմականից: Նույնը կիրառվել է նաև մեր կատալոգում: Ցավոք, սա ևս անծանոթ է Ա. Այվազյանին: Մեկ անգամ ևս անդրադառնալով նրա «եռաստիճան թվագրումներ»-ին, ուզում եմ ընդգծել, որ «բրոնզի դար» և «երկաթի դար» տերմինները բոլորովին էլ թվագրումներ չեն, այլ պարբերաշրջաններ, իսկ «թռեղք-վանաձորյան» ու «կարմիրբերդյան» եզրերը` միջին բրոնզի շրջափուլում իրար հաջորդած մշակույթներ: Հոդվածագիրը նշում է նաև, որ հնագետներ պատմական գիտությունների թեկնածու Վ. Հովհաննիսյանը, պատմական գիտությունների թեկնածու Ա. Գևորգյանը և Ֆ. Մուրադյանը մասնակցություն չեն ունեցել ցուցահանդեսի նյութերի ընտրության և կատալոգի կազմման աշխատանքներին: Այդ առումով նրան խորհուրդ եմ տալիս կրկին ավելի ուշադիր կարդալ կատալոգի ներածական հատվածը, ուր ներկայացված է այդ մասնագետների դերը Քարաշամբի դամբարանադաշտի պեղման և ուսումնասիրման գործում: Վերջիններս իրենց խորհուրդներով օգնել ու աջակցել են և՛ ցուցահանդեսի, և՛ կատալոգի կազմման աշխատանքներին ու, իրավամբ, դրանց համահեղինակներն են: Ավելացնեմ նաև, որ յուրաքանչյուր կատալոգի ծավալի, նրանում ներառված նյութերի, դրանց թվագրության, դասավորության, չափերի, ներկայացման ձևի, լուսավորության և այլ խնդիրները որոշում է մասնագետը, ոչ թե ամեն մի պատահական գրչակ: ՈՒստի, այստեղ Ա. Այվազյանի ասացվածքների հավաքածուն ուզում ենք լրացնել ևս մեկով. «Կկվից վատ հոտ է գալիս, իսկ նրան թվում է, թե բնից է»:
Հիմա մի քանի խոսք 2011 թ. լույս տեսած «Վահանավանքի վանական համալիրը» գրքույկի մասին: Բանն այն է, որ 2011-ին լրանում էր Վահանավանքի հիմնադրման 1100-ամյակը, և ՊՈԱԿ-ի երիտասարդ աշխատակիցներ Ա. Զաքյանը, Ա. Սարգսյանը, Ս. Հունանյանը, Լ. Կնյազյանը, Լ. Հախվերդյանը, ինչպես նաև Սյունիքի մարզի հուշարձանների պահպանության մարզային ծառայության պետ Ա. Հակոբյանը Կապանում ոչ միայն կազմակերպեցին ժամանակավոր ցուցադրություն նվիրված այդ հոբելյանին, այլև պատրաստեցին հուշարձանին նվիրված մի գիտահանրամատչելի գրքույկ, որը կազմված էր պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Գրիգորյանի և մեծանուն ճարտարապետ, ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի` դեռևս 1984 թ. լույս ընծայված «Վահանավանք» ծալաթերթի հիման վրա: Գրքույկի գիտական խմբագիրը հենց Գ. Գրիգորյանն էր, և նա էլ ստուգել էր Վահանավանքի մասին նոր շարադրանքը: Երիտասարդ գիտաշխատողներն էլ անվերապահորեն վստահելով հարգարժան գիտնականին, ուշադրություն չէին դարձրել որոշ տեխնիկական անհարթությունների վրա: Արդյունքում, նոր գրքույկում տեղ էին գտել այն նույն թվագրական վրիպակները, որոնք պատահաբար արվել էին 1984-ին: Երիտասարդ, սկսնակ գիտաշխատողներին խրախուսելու, կատարված առաջին աշխատանքին ըմբռնումով ու հանդուրժողաբար մոտենալու փոխարեն, միայն սեփական հրատարակություններով հմայված և ուրիշների աշխատանքների «ինքնակոչ դատավոր» Ա. Այվազյանն ընդվզեց նրանց դեմ և ՊՈԱԿ-ի նիստերից մեկում կազմակերպված քննարկման ժամանակ, անգամ հանդգնեց վաստակաշատ գիտնական Գ. Գրիգորյանի տեքստն անվանել «հիմարություն»: Սա թողնենք Ա. Այվազյանի խղճին: Զայրացնող է այն, որ տարիքն առած մտավորականը միտումնավոր փորձում է վարկաբեկել ու «գրագող» անվանել սկսնակ և խոստումնալից մասնագետ Ա. Զաքյանին, որը հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայցորդ է (և ոչ թե «պատմության գծով գիտությունների թեկնածուի հայցվոր», ընդգծումը մերն է- Ա. Փ.), հանձնել է մասնագիտական բոլոր քննությունները և շուտով, թեզի պաշտպանությունից հետո ստանալու է պատմ. գիտ. թեկնածուի գիտական աստիճան, ինչի մասին ինքը` մշակույթի վաստակավոր գործիչ Ա. Այվազյանը, ավա՜ղ, կարող է միայն երազել: Այս առումով ուզում եմ մեջբերել հայերեն մի ասացվածք ևս. «Ամեն բան իր տեղը կգա, քոսայի մորուքը չի գա»:
Մի փոքր անդրադարձ նաև «Գլաձորի համալսարան» ֆիլմին Ա. Այվազյանի ներկայացրած «մեղադրականին» (ի դեպ, Ա. Այվազյանի մոտ դա հանդիպում է «Գլաձոր» անվամբ, ինչը մտածել է տալիս, որ հոդվածագիրը կամ չի նայել ֆիլմը, կամ էլ ֆիլմ նայելը կարևոր չէ, կարևոր է քննադատելը): Ֆիլմ, որի շնորհանդեսը կայացել է 2011 թ. աշնանը Նորավանքում, Օրբելյանների իշխանական տան 800-ամյա հոբելյանին նվիրված հանդիսությունների ժամանակ: Մի կողմ թողնելով ֆիլմի սցենարի, տևողության, նկարահանման եղանակի, նրանում ներառված հուշարձանների ներկայացման մասին Ա. Այվազյանի սուբյեկտիվ դատողությունները, նշեմ միայն, որ այն մեծ ընդունելություն է գտել ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանում և թարգմանվել է նաև ռուսերեն ու անգլերեն: ՈՒզում եմ հիշեցնել հոդվածագրին, որ ֆիլմի ռեժիսորն ու միաժամանակ նաև օպերատորը Աշոտ Մովսիսյանն է, մարդ, ով 153 ֆիլմերի հեղինակ է, «Մատենադարան» բազմասերիանոց ֆիլմի գլխավոր օպերատորը, ՀՀ նախագահի հատուկ և պետական մրցանակների դափնեկիր, «Հայոց պատմություն» 8-մասանոց գիտաուսուցողական տեսաֆիլմաշարի հեղինակներից մեկը, «Վանդալիզմ», «Թորոս Ռոսլին», «Վիլյամ Սարոյան» ֆիլմերի համահեղինակը… Էլ չեմ ուզում շարունակել, պարզապես Ա. Այվազյանին առաջարկում եմ հիշել հայերեն մի ասացվածք ևս. «Սելը ճռռալու տեղը սելվորն է ճռռում»:
(շարունակելի)
Աշոտ ՓԻԼԻՊՈՍՅԱՆ
«Պահպանության ծառայություն»
ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական
գիտությունների դոկտոր, ՀՊՄՀ հայոց
պատմության ամբիոնի պրոֆեսոր
«Էթնոս» գիտական հետազոտությունների կենտրոնի նախագահ
Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Հայ-ֆրանսիական,
հայ-ռուսական և հայ-լեհական
հնագիտական արշավախմբերի ղեկավար